Jump to content

Օսլոյի թագավորական պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Օսլոյի թագավորական պալատ (նորվ.՝ Slottet, Det kongelige slott), Նորվեգիայի միապետների պաշտոնական նստավայրը։ Պալատը կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսին Նորվեգիայի և Շվեդիայի թագավոր Կառլ XIV Յուհանի համար։ Տեղակայված է Կարլ Յուհանի փողոցում և շրջապատված է 22 հեկտար թագավորական պուրակով և թագավորական այգով։ Այն բաց է հանրության համար։

Մինչ շինարարության ավարտը թագավորական ընտանիքի անդամներն ապրում էին Նորվեգիայի Պալե քաղաքի Քրիստիանիի պալատում, որը 1805 թվականին մեծահարուստ վաճառական Բերնտ Անկերը նվիրաբերել էր պետությանը՝ թագավորական նստավայր օգտագործելու համար։ Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության վերջին տարիներին Պալեն օգտագործվում էր Նորվեգիայի կուսակալների կողմից, իսկ 1814 թվականին անցել է անկախ Նորվեգիայի Քրիստիան 8-րդ արքային։ Որպես թագաժառանգ՝ պալատում ապրում էր Բերնադոտների ընտանիքից Կարլ Յուհան 14-րդը, ավելի ուշ, արդեն որպես արքա, նա կանգ էր առնում այստեղ իր նորվեգական մայրաքաղաք կատարած այցելությունների ժամանակ։

Շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1821 թվականին Կարլ Յուհանը դանիացի անփորձ ճարտարապետ և սպա Հանս Լինստոյին հանձնարարել է նախագծել նոր պալատ։ Շինարարական աշխատանքները սկսվել է 1824 թվականին, իսկ 1825 թվականի հոկտեմբերի 1-ին Կարլ Յուհանը դրել է պալատական մատուռի հիմնաքարը։ Նախապես Լիսնտոն պլանավորել էր կառուցել միայն երկու հարկ՝ գլխավոր ճակատամասի երկու բնակելի թևերով[1]։

1827 թվականին, երբ պարզ դարձավ, որ բյուջեն գերազանցել են, շինարարությունը դադարեցվել է և վերսկսվել միայն 1833 թվականին։ Այդ ժամանակ Լինստոուի պակաս ծախսատար նախագծով պալատը կառուցվել է առանց թևերի, բայց արդեն եռահարկ։ Տանիքի կառուցումն ավարտվել է 1836 թվականին, իսկ ներքին հարդարման աշխատանքները՝ 1840 թվականի վերջերին[2]։ 1844 թվականին օծվել է պալատական մատուռը[3]։

Նորվեգիայի թագավորական ընտանիքը պալատի պատշգամբում, 2010 թվական
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևը և առաջին տիկինն Օսլոյի թագավորական պալատում պաշտոնական ընդունելության ժամանակ, 2010 թվական

Բերնադոտների կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Յուհանը մինչ իր մահը (1844 թվական) այդպես էլ չի հասցրել ապրել պալատում, և պալատի առաջին բնակիչները դարձել են նրա որդին՝ Օսկար 1-ինը, և կինը՝ թագուհի Ժոզեֆինան։ Շուտով պարզվել է, որ թագավորական ընտանիքին պետք է ավելի ընդարձակ նստավայր, և պալատն ընդարձակվել է։ Մինչ 1849 թվականին պալատի պաշտոնական բացումը կրկին վերականգել են կենտրոնական սյունը, որը դուրս էր մնացել 1833 թվականի նախագծից, իսկ ժամանակավոր գիրթ տանիքը փոխարինվել է առավել շքեղ, թանկարժեք ու հարթ տանիքով։

Բերնադոտների դինաստիայի մյուս թագավորները՝ Կարլ 15-րդը և Օսկար 2-րդը, շարունակել են օգտագործել Քրիստիանիի թագավորական պալատը, բայց ժամանակի մեծ մասն անցկացրել են Ստոկհոլմում։ Օսկար թագավորի կինը՝ Սոֆյա Նասաուացին, ամառը նախընտրում էր անցկացնել Նորվեգիայում, բայց հիմնականում ապրում էր Շվեդիայի սահմանից ոչ հեռու գտնվող Շիննարբոլ կալվածքում։ 1905 թվականին, երբ փլուզվել է Շվեդիայի հետ միությունը, Օսկար 2-րդը պալատում չէր ապրում, բայց նրա որդին՝ գահաժառանգ Գուստավ V-ը, երկու կարճատև այց է կատարել՝ ապարդյուն փորձելով փրկել միությունը։

Թագավորական պաշտոնական նստավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնադոտները կորցրել են նորվեգական գահը 1905 թվականին, թագավոր է դարձել Դանիայի իշխան Կարլը, որն ստացել է Հակոն VII անունը։ Հակոնն առաջին միապետն էր, որ պալատն օգտագործել է որպես մշտական նստավայր։ Մինչ թագավորի և կնոջ՝ թագուհի Մոդի այստեղ տեղափոխվելը պալատը երկու տարի վերանորոգվել է։ Հակոնն առաջին միապետն էր, որը պալատի պատշգամբից ողջունել է մանկական շքերթն Օսլոյում Նորվեգիայի Սահմանադրության օրվա տոնակատարության ժամանակ։ 1905 թվականին Հակոն VII-ը ձևավորել է պալատի դահլիճում Նորվեգիայի կառավարության հետ ամենշաբաթյա հանդիպումների ավանդույթ։

Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին թագավորական նախկին ախոռները վերանորոգվել են և վերածվել բազմանպատակ գեղարվեստական հաստատության՝ «Պատկերասրահ Սոնյա թագուհու ախոռում» անվամբ։ Հաստատությունը բաց է հանրության համար և օգտագործվում է որպես պատկերասրահ, թանգարան և համերգասրահ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «History of the Royal Palace». www.kongehuset.no (նորվեգերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. «Architecture of the Royal Palace». www.kongehuset.no (նորվեգերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. The Palace Chapel Royal House of Norway (in English)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսլոյի թագավորական պալատ» հոդվածին։